Սերգեյ Պետրովիչ Տրուբեցկոյ (ռուս.՝ Сергей Петрович Трубецкой, օգոստոսի 29 (սեպտեմբերի 9), 1790[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1860[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), դեկաբրիստ, իշխան, գվարդիայի գնդապետ։ Մասնակցել է 1812 թ. Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին։ Վերադառնալով Ռուսաստան՝ եղել է դեկաբրիստների առաջին գաղտնի ընկերությունների՝ «Փրկության միության» (1816) և «Բարօրության միության» (1818) հիմնադիրներից։ Դեկաբրիստների Հյուսիսային միության կազմակերպիչներից և ղեկավարներից էր, դրսևորել է քաղաքական չափավորություն։ Կողմնակից էր Ռուսաստանում սահմանադրական միապետության հաստատմանը և գյուղացիների ազատագրմանը՝ ոչ մեծ հողակտորներով։ Դեկաբրիստների Հարավային ընկերության հետ բանակցությունների ժամանակ, Կ․ Ֆ․ Ռիչենի խմբի ճնշման տակ, Հյուսիսային ընկերության անունից համաձայնություն է տվել 1826 թ. համատեղ ելույթի։ 1825 թ. դեկտեմբերի 14-ի ապստամբության նախօրեին ընտրվել է դիկտատոր, բայց գտնելով, որ ապստամբությունը դեռ պատրաստ չէ, չի եկել Սենատի հրապարակ։ Դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով (1839 թվականից՝ Իրկուտսկի մոտ)։ 1856 թ. Տրուբեցկոյին ներում է շնորհվել։ Գրել է «Նոթեր» (1906)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։